09
11, 2016

Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Արաբական Միացյալ Էմիրություններ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արաբական Միացյալ Էմիրություններ պաշտոնական այցի շրջանակներում այցելել է Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցի, եկեղեցուն կից գործող «Արա Խանոյան» կիրակնօրյա վարժարան, Շեյխ Զայեդ Մեծ մզկիթ և ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն:

Աբու Դաբիում հայկական եկեղեցու կառուցման համար 2006թ. հողատարածք է նվիրաբերել Աբու Դաբիի թագաժառանգ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը: Նորակառույց եկեղեցին օծվել է 2014թ. դեկտեմբերի 12-ին, նույն օրը հիմնադրվել է նաև Աբու Դաբիի Ազգային առաջնորդարանը: 2016թ. մայիսից եկեղեցուն կից գործում է «Արա Խանոյան» կիրակնօրյա վարժարանը, որտեղ այժմ ուսանում է 36 աշակերտ: Եկեղեցու բակում տեղադրված է Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված խաչքար: Նախագահ Սերժ Սարգսյանը Սրբոց Նահատակաց եկեղեցի այցի ժամանակ ծաղիկներ է դրել խաչքարին և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Եկեղեցում տեղի ունեցած գոհաբանական աղոթքից հետո Հանրապետության Նախագահը ելույթ է ունեցել, որում անդրադարձել է եկեղեցու նշանակությանը մեր ժողովրդի ինքնության պահպանման ու հարատևության գործում: Նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Արաբական Միացյալ Էմիրությունների իշխող ընտանիքին՝ ի դեմս Աբու Դաբիի թագաժառանգ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանիի, ով հնարավոր դարձրեց հայկական Սրբոց Նահատակաց եկեղեցու շինարարությունը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Արաբական աշխարհի սրտում կանգնեցված այս եկեղեցին, միջկրոնական հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի ու համակրանքի խոսուն վկան է, որ բարեբեր հող է ստեղծում նաև տարբեր կրոնների ներկայացուցիչների խաղաղ համակեցության համար: Ազգային առաջնորդարանում Հանրապետության Նախագահը կարճատև հանդիպում է ունեցել համայնքային և եկեղեցական գործիչների հետ:

ԱՄԷ հիմնադիր Նախագահ շեյխ Զայեդի անվան Մեծ մզկիթ այցելության ժամանակ ՀՀ Նախագահը մզկիթում գտնվող դամբարանում հարգանքի տուրք է մատուցել Շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանի հիշատակին և գրառում կատարել Պատվավոր հյուրերի գրքում, որից հետո տեղի է ունեցել նվերների փոխանակման արարողություն:


«Անգնահատելի է Արաբական Միացյալ Էմիրությունների հիմնադիր Նախագահ Շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանի դերն այս հիասքանչ երկրի կայացման ու բարգավաճման գործում:

Նրա կառավարման օրոք հիմք դրվեց հայ-էմիրաթական միջպետական բարձր մակարդակի համագործակցությանը, որի համար հայտնում եմ հայ ժողովրդի և անձամբ իմ երախտագիտությունը»,-գրել է Նախագահ Սարգսյանը:

ԱՄԷ պաշտոնական այցի առաջին օրվա ավարտին Հանրապետության Նախագահն Աբու Դաբիում հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Նախագահը Էմիրաթների մեր հայրենակիցներին ներկայացրել է իր պաշտոնական այցի առաջին օրն ունեցած հանդիպումների արդյունքները, անդրադարձել` հայ-էմիրաթական միջպետական բարեկամական հարաբերությունների ներկայիս վիճակին և պատմական խորը արմատներ ունեցող այդ հարաբերությունների զարգացման հեռանկարին, Հայաստան-սփյուռք կապերի առավել ամրապնդման, համահայկական խնդիրների լուծման և հայրենիքի հզորացման նպատակով հայոց ներուժի համախմբման կարևորությանը:

Հանդիպման ընթացքում Հանրապետության Նախագահը համայնքային մի շարք գործիչների պարգևատրել է պետական բարձր պարգևներով: Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա հայրենանվեր գործունեության համար Նախագահը  Հրայր Սողոմոնյանին, Արա Խանոյանին և Հարություն Օհանեսյանին պարգևատրել է Մովսես Խորենացու մեդալով:
 

 

← Վերադառնալ