Մամլո հաղորդագրություններ
Նախագահի նստավայրում հայ-իտալական բարձր մակարդակի հանդիպում է տեղի ունեցել

30.07.2018

Իտալիայի նախագահի պետական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել է ընդլայնված կազմով հանդիպում ՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:

Ողջունելով Իտալիայի իր գործընկերոջն ու պատվիրակության անդամներին՝ նախագահ Արմեն Սարգսյանը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանի պետականության վերահաստատումից հետո հայ-իտալական միջպետական հարաբերությունների զգալի եւ էական զարգացում են ունեցել:

«Այսօր Հայաստանը եւ Իտալիան համագործակցում են քաղաքական, տնտեսական, ռազմական, միջխորհրդարանական, ռեգիոնալ, մշակութային եւ հումանիտար ոլորտներում: Մեր երկրները «բնական գործընկերներ են»: Մենք կիսում ենք նույն արժեհամակարգը, մեր ժողովուրդները նման են իրենց նիստուկացով, ընտանեկան արժեքներով, հաճախ նաեւ՝ բնավորությամբ, մեզ համար հասկանալի եւ ընկալելի են միմյանց խնդիրներն ու արժեքները: Մենք պատրաստ ենք առավել մեծ ջանքեր ներդնել մեր միջպետական, տնտեսական, գիտական եւ մշակութային հարաբերությունները զարգացնելու եւ խորացնելու գործում՝ նպատակ ունենալով այն բարձրացնել որակապես շատ ավելի բարձր մակարդակի»,-նշել է նախագահ Սարգսյանը:

Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար՝ ընդգծել է, որ Հայաստանի ու Իտալիայի դարավոր բարեկամական հարաբերությունները ներկայումս զարգացման մեծ ներուժ ունեն:

«Իսկապես հպարտ եմ, որ Իտալիայի առաջին նախագահն եմ, որ այցելում եմ Հայաստան: Ուրախ եմ, որ իմ այցը համընկնում է Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի եւ Երեւանի հիմնադրման 2800-ամյակի հետ: Երեւանի այս տարիքը ցույց է տալիս պետության հնությունն ու մեր վաղեմի հարաբերությունները: Մենք նախատեսում ենք աճող համագործակցություն թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ մշակութային ոլորտներում: Այս այցը հիմնված է բարեկամական հարաբերությունների վրա, բայց այստեղ ենք նաեւ խթանելու մեր սերտ գործակցությունն այս բոլոր ոլորտներում»,-ընդգծել է նախագահ Սերջիո Մատարելլան:

Զրույցի ընթացքում երկուստեք նշվել է, որ մեծ հնարավորություններ կան զարգացնելու համագործակցակցությունը տնտեսության տարբեր ճյուղերում, բարձր տեխնոլոգիաների, մշակութային ու գիտակրթական ոլորտներում, եւ ամեն ինչ պետք է անել հարաբերություններն ամրապնդելու համար:

Կողմերը կարեւորել են նաեւ փոխգործակցությունը ինստիտուցիոնալ մակարդակում՝ նշելով, որ խորհրդարանական ժողովրդավարության ուղին ընտրած Հայաստանի համար Իտալիայի՝ որպես խորհրդարանական կայացած Հանրապետության հարուստ փորձն ու ավանդույթները օգտակար կլինեն:
 

← Վերադառնալ


Նամակ
Նախագահին

Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Էլեկտրոնային տարբերակով ՀՀ Նախագահին հղած նամակները չեն կարող համարվել պաշտոնական, դրանք բացառապես տեղեկատվական բնույթ ունեն եւ ենթակա չեն պաշտոնական ընթացակարգով քննության: