Մամլո հաղորդագրություններ
Հաճելի է խոսել Կանադայի ու Հայաստանի միջև բարեկամության մասին, որն ունի լավ պատմություն, սակայն ապագայի շատ ավելի մեծ ներուժ

12.10.2018



Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել է նախագահ Արմեն Սարգսյանի և պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հանդիպումը՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:

Նախագահ Սարգսյանը բարի գալուստ է մաղթել Կանադայի վարչապետին Հայաստանի մայրաքաղաք և Ֆրանկոֆոնիայի ժամանակավոր մայրաքաղաք Երեւանում:

«Մեր ժողովուրդը շատ լավ գիտի ձեր ընտանիքը: Կանադան Հայաստանի համար շատ հարազատ երկիր է: Մենք մշտապես գնահատել ենք Կանադայի ժողովրդի ու Կանադայի կառավարության ջերմ վերաբերմունքն այն հայերի նկատմամբ, ովքեր կարիքի մեջ են: Հայերը երբեք չեն մոռանա ձեր այն քայլը, երբ Դուք անձամբ ողջունում էիք Սիրիայի մեր հայրենակիցներին:

Սրանք պարզապես լավ խոսքեր չեն, սրանք խորը գնահատանքի խոսքեր են:

Իհարկե, մենք մեծապես գնահատում ենք նաև այն, ինչ արել է Ձեր հայրը: Այն ժամանակ, երբ դուք այցելել էիք Հայաստան, դա երկրաշարժին հաջորդող ժամանակահատվածն էր, երկիրն անկախանալու շեմին էր: Սակայն դա նաև մի շրջան էր, երբ սկսվեց ղարաբաղյան շարժումը, որը դարձավ շարժում հանուն երկրի անկախության»:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն իր հերթին նշել է. «Ուրախ եմ վերադառնալ Հայաստան: Հաճելի է խոսել Կանադայի ու Հայաստանի միջև բարեկամության մասին, որն ունի լավ պատմություն, սակայն ապագայի շատ ավելի մեծ ներուժ»: Նրա խոսքով՝ այժմ Հայաստանի համար հիանալի քաղաքական ժամանակահատված է, որը տանում է դեպի ավելի իրական, ավելի խորը ժողովրդավարություն, տնտեսական ավելի մեծ հնարավորություններ:

Կանադայի վարչապետը բարձր է գնահատել իր երկրի՝ հայկական ծագում ունեցող 60 հազար քաղաքացիների ներդրումը Կանադայի հաջողության պատմության գործում: Այն նաև ողջ աշխարհից մարդկանց ընդունելու դրական պատմության փայլուն օրինակ է, ինչը դրսևորվել է նաև մեր օրերում, երբ իր երկիրն ընդունել է սիրիացի փախստականների:

Կանադայի վարչապետը հույս է հայտնել, որ Հայաստանն ու Կանադան կկարողանան միասին ավելի ամուր ապագա կառուցել՝ նշելով, որ հայերը յուրահատուկ ժողովուրդ են, և աշխարհի որ անկյունում էլ լինեն, պահպանում են իրենց ազգային ինքնությունը, լեզուն ու մշակույթը:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների  ոլորտներում: 

← Վերադառնալ


Նամակ
Նախագահին

Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Էլեկտրոնային տարբերակով ՀՀ Նախագահին հղած նամակները չեն կարող համարվել պաշտոնական, դրանք բացառապես տեղեկատվական բնույթ ունեն եւ ենթակա չեն պաշտոնական ընթացակարգով քննության: