13
11, 2018

Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում այսօր հանդիպել է կազմակերպության գլխավոր տնօրեն Օդրի Ազուլայի հետ:

Հանրապետության նախագահը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են կազմակերպության շրջանակում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը, մեր երկրի մշակույթն ու արժեքներն այս կառույցում լավագույնս ներկայացնելու հնարավորություններին վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել Իրաքի Մոսուլ քաղաքի մշակութային ժառանգության վերականգնմանը նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությանը։ Այդ համատեքստում քննարկվել է նախաձեռնության շրջանակում Երևանի Մատենադարանի հետ համատեղ ծրագրի իրագործումը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը բարձր է գնահատել Հայաստանի ջանքերն ու հաջողված փորձը Սիրիայի փախստականների ինտեգրման, այդ թվում կրթության իրավունքի ապահովման հարցում։

Կողմերն ընդգծել են կրթամշակութային համատեղ ծրագրերի միջոցով մշակութային բազմազանության, համամարդկային արժեքների և հանդուրժողականության խրախուսման անհրաժեշտությունն ու կարևորությունը։

Հանրապետության նախագահը նաև ուշադրություն է հրավիրել Գյումրի քաղաքի հնագույն և հարուստ մշակութային ժառանգությանը, պատմաճարտարապետական արժեքավոր շինություններին: Նշելով, որ դրանցից շատերն այսօր գտնվում են բավականին անմխիթար վիճակում՝ նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը դրանց պահպանման ու վերականգնման աշխատանքներին: Այդ առումով քննարկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ Գյումրիում պատմամշակութային արժեք ունեցող որևէ կառույցի վերականգնման հնարավորությունները:
 

← Վերադառնալ