09
02, 2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին:

Ողջունելով դեսպանին՝ նախագահը շնորհավորել է նրան և բարեկամ Իրանի ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-ամյակի առթիվ:

«Վստահ եմ, որ մեր երկու երկրների առանձնահատուկ հարաբերություններն ավելի կամրապնդվեն և հետագայում նոր հորիզոններ կգրավեն: Ցանկանում եմ ընդգծել, որ անկախության հենց առաջին օրերից մենք ջերմ հարաբերություններ ենք հաստատել և այդ հարաբերություններում ընդունված սկզբունքները մինչև հիմա պահպանվում են: Վստահ եղեք, որ նույն տրամադրվածությամբ և նույն գաղափարներով մենք առաջնորդվելու ենք նաև ապագայում»,- ասել է նախագահ Խաչատուրյանը:

Նախագահը կարևորել է երկու երկրների տարբեր շրջանակների միջև փոխայցելությունների ակտիվացումն ու միմյանց, հատկապես՝ տնտեսական հնարավորությունների բացահայտումը։

Վահագն Խաչատուրյանն առանձնահատուկ ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի ղեկավարության հստակ դիրքորոշումը՝ մեր երկրի տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության վերաբերյալ:

Դեսպան Մեհդի Սոբհանին շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ շնորհավորանքի համար: «Ուրախ եմ այսօր Ձեզ հետ հանդիպելու համար: Կարծում եմ՝ այսօրվա այս հանդիպումն արտահայտումն է այն հարգանքի, որն դուք ունեք Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության և ժողովրդի նկատմամբ»,- ասել է դեսպանը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկու երկրների բազմոլորտ համագործակցության օրակարգային հարցերին: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են անցնող տարվա ընթացքում մեկնարկած հայ-իրանական մի շարք համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ արձանագրված ձեռքբերումները:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել միջազգային հարթակներում Իրանի և Հայաստանի արդյունավետ համագործակցությունը, կարևորվել է հայ-իրանական դարավոր տնտեսական, մշակութային կապերի ամրապնդմանն ուղղված քայլերի շարունակականությունը: Շեշտվել է նաև երկու երկրների գործարար շրջանակների միջև առկա համագործակցության հետագա զարգացման և գործընկերության ընդլայնմանն ուղղված ջանքերի խթանման կարևորությունը:
 

← Վերադառնալ