26
06, 2013

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Լեհաստանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ

 

 

Սիրելի՛ հայրենակիցներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ողջունում եմ բոլորիդ: Անչափ ուրախ եմ այսօր գտնվել այստեղ այս ջերմ, հայաշունչ միջավայրում, հանդիպել Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչներին: Ուրախ եմ նաև, որ պատեհ առիթ է ստեղծվել ձեզ հետ անմիջականորեն վերագնահատելու դարերի խորքից եկող հայ-լեհական բարեկամական հարաբերությունների անցյալն ու ներկան, ինչպես նաև մտքեր փոխանակելու մեր Հայրենիքի և ազգի համար օրակարգային հարցերի վերաբերյալ:

Հայ-լեհական միջպետական հարաբերությունները հատկապես վերջին տարիներին շոշափելի զարգացում են ապրել և այժմ գտնվում են բարձր մակարդակի վրա, որում կարևոր դեր է վերապահված նաև լեհահայերին: Լեհաստանում հայ համայնքի պատմությունը սկիզբ է առնում դեռևս 11-րդ դարից, երբ Անիի անկումից հետո տարագիր հայերը բնակություն հաստատեցին Լեհական թագավորության արևելյան հատվածներում` այստեղ հիմնադրելով առաջին գյուղերը:

12-րդ դարում բազմաթիվ քաղաքներում արդեն ձևավորվել էին հայկական թաղամասերը, իսկ 14-րդ դարից սկսած` Կազիմիր Մեծի օրոք, ապա նաև Յագելլոնների գահակալության շրջանում, Լեհաստանի բարգավաճման հետ սկսեցին ծաղկել նաև հայկական համայնքները: Լեհերի` հայության նկատմամբ ի սկզբանե ունեցած ջերմ ու բարյացակամ վերաբերմունքը պահպանվեց նաև հետագայում, երբ Զիգմունդ Ավագի շնորհիվ Պյոտրկովի Սեյմում հաստատվեց թագավորության արևելյան շրջաններում ապրող հայերի օրենսդրությունը, երբ թագավորական Մեծ կանցլեր Յան Զամոյսկին հայերին հրավիրեց իր հայրենի Զամոշչ քաղաքը և ազատեց հարկերից, շնորհեց ինքնավարության իրավունք և այլ արտոնություններ:

Լեհաստանում հայ ժողովրդին ընձեռնված հնարավորությունների շնորհիվ դուք ձեր գիտելիքներն ու աշխատասիրությունն ի սպաս դրեցիք Լեհաստանի քաղաքական և սոցիալ-տնտեսական կյանքի զարգացման ու բարգավաճման գործին` զբաղվեցիք արհեստով, առևտրով, ծառայեցիք գիտությանը, ներգրավվեցիք պետական և դիվանագիտական ծառայությունում, տեղ գտաք զինվորական համակարգում, ինչպես նաև ձեր հաստատուն տեղը զբաղեցրիք լեհական մշակույթում: Կան անուններ, որոնք հպարտությամբ են լցնում բոլորիս սրտերը` բանաստեղծ Շիմոն Շիմոնովիչ և նկարիչ Թեոդոր Աքցենտովիչ, կինոռեժիսոր Եժի Կավալերովիչ և կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկի:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Պատմության անիվը շարունակում է իր ընթացքը, և ես ուրախ եմ, որ հայ-լեհական պատմական հարաբերություններին` խարսխված բարիդրացիության, փոխադարձ վստահության և հարգանքի վրա, նոր շունչ ու միջպետական բնույթ հաղորդվեց Հայաստանի անկախության վերահաստատումից հետո: Զարգացավ Հայաստանի և Լեհաստանի միջև քաղաքական երկխոսությունը, ընդլայնվեց երկկողմ համագործակցության օրակարգը, ձևավորվեց արդյունավետ փոխգործակցություն միջազգային հարթությունում:

Հավատացած եմ` մեր բարեկամությունը հարատև է, քանզի այն հիմնված է համանման արժեքներին ու սկզբունքներին մեր ժողովուրդների հավատարմության վրա. ասածիս վկայությունն է 2005 թվականի ապրիլի 19-ին Լեհաստանի Սեյմի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման որոշումը: Հայ ժողովուրդը խորը երախտիքի զգացումով է լցված Լեհաստանի ժողովրդի հանդեպ, որն օրինակելի վարքագիծ ցուցաբերեց այս խնդրում:

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Ճակատագրի պարտադրանքով այսօր հայ ժողովուրդը սփռված է աշխարհով մեկ: Սակայն որտեղ էլ որ ապրի հայը, հավատացած եմ` մտահոգվում է Հայրենիքի խնդիրներով և ոգևորվում յուրաքանչյուր հաջողությամբ: Հայրենասիրությունը սոսկ զգացմունք չէ. այն ամենից առաջ արարք է, և սա պետք է գիտակցի ամեն մի հայ:

Աշխարհասփյուռ հայության յուրաքանչյուր ներկայացուցիչ մեր ազգային միասնության առհավատչյան է, իսկ դրա հիմքը Հայրենիքի հանդեպ սերը: Դիպուկ են Գարեգին Նժդեհի խոսքերը. «Մեր ժողովուրդն առանց հայրենասիրության այն է, ինչ մի մարմին` առանց հոգու»: Ուստի, մենք հզորանալու ենք մեր համախմբվածությամբ, մեր միասնությամբ, համազգային խնդիրների լուծման մեր հաստատակամությամբ:

Հայաստանը և Սփյուռքը ուժեղ են միասնաբար` ուս ուսի տված: Մենք Հայաստանում մեզ ավելի զորեղ ենք զգում՝ մեր մեջքին ունենալով Սփյուռքի ուժը: Վստահ եմ, որ նույն կերպ էլ դուք եք զգում Հայաստանի Հանրապետության ներկայությունը, ձեր անկախ ու ազատ Հայաստանի գոյությունը: Ուստի ցանկանում եմ հորդորել ձեզ` որպես Սփյուռքում ապրող հայության մի հատված` առավել ակտիվ ներգրավվելու համազգային խնդիրների լուծման գործում:

Մենք շարունակելու ենք մեր համախմբված գործունեությունը ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ուղղությամբ: Առջևում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է, և յուրաքանչյուր կառույց ու հատկապես աշխարհասփյուռ հայ համայնքներն ու եկեղեցին ասելիք և անելիք ունեն: Սակայն մեր նահատակների հիշատակը պետք է հարգենք ոչ միայն ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար մղվող պայքարն իր նպատակին հասցնելով, այլև մեր հայրենիքը հզորացնելով, յուրաքանչյուր հայի տաղանդը, հնարավորություններն ու կապերը ճիշտ օգտագործելով:

Յուրաքանչյուր հայ երիտասարդ պետք է տիրապետի հայերեն լեզվին, քանզի, եթե մարդը չի տիրապետում իր մայրենի լեզվին, նա ոչ միայն վտանգում է իր ինքնությունը, այլև թուլանում որպես անհատ: Կուզենայի, որ յուրաքանչյուրդ լինեիք գրագետ և մրցունակ: Դրանով իսկ դուք կունենաք լուրջ ներդրում Հայոց պետությունը զորացնելու, այն առաջ տանելու գործում:

Հայաստանի Հանրապետությունն էլ իր հերթին պետք է սատարի ձեզնից յուրաքանչյուրին` աշխարհի ցանկացած երկրում ապրելու` որպես հպարտ հայ: Օրինակ` նշեմ «Լույս» հիմնադրամի գործունեությունը, որը կրթաթոշակ է շնորհում աշխարհասփյուռ հայ ուսանողներին` սովորելու աշխարհի լավագույն բուհերում, ապահովում Հայաստանի և հայության համաքայլ ընթացքն առաջատար երկրների և ժողովուրդների կողքին:

Այսօր, ավելի քան երբևէ, հրամայական է աշխարհում հայկական ծագմամբ մշակութային արժեքների պահպանման, ներկայացման և տարածման հարցը: Փառք ու պատիվ այն ընտանիքներին, որոնց հաջողվում է խուսափել ուծացման վտանգից և հայ մեծացնել իրենց զավակներին: Հայ ինքնությունը կպահպանվի, քանի կա մեր մայրենին, մեր հավատքը, մեր մշակույթը:

Հայաստանն առանց Սփյուռքի և Սփյուռքն առանց Հայաստանի հնարավոր չէ պատկերացնել: Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների զարգացման գործում կարևորում եմ ՀՀ սփյուռքի նախարարության դերակատարությունը, որը նախաձեռնում է կրթական, մշակութային և այլ ծրագրեր, որոնք ոչ միայն պատանիներին ու երիտասարդներին, այլև համեմատաբար ավագ սերնդին մայր հողը սեփական ոտքերի տակ զգալու հնարավորություն են ընձեռում, ապահովում նրանց մասնակցությունը Հայաստանի զարգացման գործին: Սա նշանակում է, որ պետությունը նախանձախնդիր է Սփյուռքի հետ կապերի ամրապնդման հարցում:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ուզում եմ բոլորիդ հորդորել՝ հաճախ գալ Հայաստան, ականատեսը լինել առկա առաջընթացի, ծանոթանալ դեռևս լուծում չստացած խնդիրներին և կիսվել սեփական մոտեցումներով: Պատրաստ ենք լսելու յուրաքանչյուրին, ով` ի բարօրություն մեր Հայրենիքի որևէ գործ է կատարում Հայաստանում, ով` ի բարօրություն մեր Հայրենիքի որևէ գործ է կատարում արտերկրում: Վստահեցնում եմ` նաև Հայաստան ձեր այցելություններով են դրական փոփոխություններ ու զարգացումներ տեղի ունենում: Այսօր մեր երկրում բազմաթիվ հնարավորություններ են ստեղծվել նոր գործ հիմնելու և եկամուտ ստանալու համար: Օր օրի վստահության այս շրջանակը լայնանում է:

Հավատացած եղեք, Հայրենիքն է այն առանցքը, որի շուրջ համախմբվում է ողջ ժողովուրդը ուրախության թե ցավի, ողբերգության թե հաղթանակների պահին: Վստահ եմ` դուք` լեհահայերդ, շարունակելու եք նվաճումներ ու հաղթանակներ արձանագրել՝ ի փառս հայ ժողովրդի և Հայրենիքի:

Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար:

← Վերադառնալ