17
10, 2013

Նախագահն ընդունել է ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստի մասնակիցներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում անցկացված ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 35-րդ նիստին մասնակցած պատվիրակությունների ղեկավարներին:

Հանրապետության Նախագահը կարևորել է մեր երկրում արդեն 4-րդ անգամ անցկացվող անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի աշխատանքը և նկատի առնելով ինչպես ազգային, այնպես էլ տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում անվտանգության ապահովման արդիականությունն ու առաջնահերթությունը, ընդգծել է այդ ուղղությամբ ԱՊՀ շրջանակներում համագործակցության խորացման անհրաժեշտությունը:

Սերժ Սարգսյանը նշել է, որ բոլոր ժամանակներում անվտանգությանն սպառնացող դրսևորումների դեմ պայքարի հարցերը մշտապես եղել են պետությունների ուշադրության կենտրոնում, և այդ առումով, նման կառույցների աշխատանքը մշտապես արդիական ու չափազանց կարևոր է: Նախագահի համոզմամբ, ինչպես այս, այնպես էլ տարբեր ոլորտներում երկրների միջև համագործակցությունն զգալիորեն նպաստում է նաև միջպետական կապերի սերտացմանն ու ժողովուրդների միջև բարեկամության առավել ամրապնդմանը:

Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանի խնդրանքով, հյուրերը ներկայացրել են խորհրդի ծաղկաձորյան նիստում քննարկված հարցերն ու կայացված որոշումները:

Խորհրդի նախագահ, ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի աշխատանքը ինչպես նախորդ նիստերի ժամանակ, այնպես էլ Ծաղկաձորում արդյունավետ է համարել՝ նշելով, որ ժամանակակից աշխարհում անվտանգությանն սպառնացող արդի մարտահրավերների՝ ահաբեկչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կազմակերպված հանցավորության և բազմաթիվ այլ վտանգավոր երևույթների դեմ պայքարում փոխգործակցությունը խորհրդի շրջանակներում դինամիկ զարգանում է: Նա կարևորել է նաև երկրների միջև փորձի փոխանակումը, ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման ուղղությամբ իրականացվող աշխատանքը:

Հանդիպման ավարտին Նախագահը հաջողություններ է մաղթել խորհրդին հետագա աշխատանքում:


 

← Վերադառնալ