10
10, 2014

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սերբիայի Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը


Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր երեկոյան պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Սերբիայի Հանրապետության Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը:

Այցի շրջանակներում ՀՀ Նախագահի նստավայրում հոկտեմբերի 11-ին տեղի կունենա երկու երկրների նախագահների առանձնազրույցը, որից հետո Հայաստանի և Սերբիայի նախագահները կմեկնեն Դիլիջան՝ մասնակցելու Դիլիջանի միջազգային դպրոցի բացման արարողությանը: Նույն օրը երեկոյան նախագահներ Սերժ Սարգսյանը և Տոմիսլավ Նիկոլիչը Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կդիտեն Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Սերբիա խաղը:

Հոկտեմբերի 12-ին Սերբիայի Նախագահը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ծաղկեպսակ կդնի Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք կմատուցի անմեղ զոհերի հիշատակին: Այնուհետև ՀՀ Նախագահի նստավայրում տեղի կունենան հայ-սերբական ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց կհաջորդի երկու երկրների միջև մի շարք ոլորտներում համագործակցության ամրապնդմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Տոմիսլավ Նիկոլիչը ԶԼՄ-երի առջև հանդես կգան բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ:

Նախատեսված է նաև Սերբիայի Նախագահի հանդիպումը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ:

Նույն օրը Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը ծաղկեպսակ կդնի Արմավիրի մարզում գտնվող սերբ օդաչուների հիշատակը հավերժացնող հուշարձանին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում կունենա Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, կայցելի Գանձարան և Մայր տաճար:
 

← Վերադառնալ