22
12, 2014

Նախագահի նստավայրում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ մեկնարկել են երեխաների համար անցկացվող տոնական միջոցառումները


Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ՀՀ Նախագահի նստավայրում այսօր մեկնարկել են երեխաների համար անցկացվող ամենամյա տոնական միջոցառումները. Բաղրամյան 26-ում հյուրընկալվել են հանրակրթական դպրոցների բարձր առաջադիմություն ցուցաբերած 300 երեխաներ:

Նախագահի նստավայրում Ամանորի շեմին երեխաների համար կազմակերպվող ավանդական դարձած տոնական միջոցառումներին ամեն տարի մասնակցում են 6-12 տարեկան 1000-ից ավելի երեխաներ` խնամքի ու պաշտպանության հաստատությունների (գիշերօթիկ դպրոցների, մանկատների) սաներ, Հայաստանում ապաստան գտած սիրիահայ երեխաներ, ՀՀ սահմանամերձ բնակավայրերի, ինչպես նաև հանրակրթական դպրոցների բարձր առաջադիմություն ցուցաբերած երեխաներ, զինծառայողների և զոհված ազատամարտիկների երեխաներ և թոռնիկներ:

Այս տարի տոնական միջոցառումները երեխաների համար Նախագահի նստավայրում կշարունակվեն նաև դեկտեմբերի 24-25-ին. կհյուրընկալվեն սահմանամերձ բազմաթիվ գյուղերի՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վահան, Վայոց ձորի մարզի Խնձորուտ, Բարձրունի, Խաչիկ, Սերս, Արարատի մարզի՝ Երասխ, Տավուշի մարզի Բարեկամավան, Բերդավան, Դովեղ, Բաղանիս գյուղերի երեխաներ, Հայաստանում ապաստան գտած սիրիահայ երեխաները, զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների, արցախյան ազատամարտի մասնակից վետերանների և զինծառայողների երեխաներն ու թոռնիկները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, սահմանափակ կարողություններով (հաշմանդամ) երեխաներ: Սահմանամերձ համայնքներից երեխաները մայրաքաղաք են ժամանում մեկ օր առաջ և Նախագահի նստավայրում տոնական միջոցառմանը մասնակցելուց բացի, նրանց համար կազմակերպվում է մշակութային լրացուցիչ ծրագիր՝ այցելություն Հայաստանի պատմության և Հովհաննես Թումանյանի թանգարաններ: Երեխաները կայցելեն նաև Հանրապետության հրապարակ, կդիտեն տոների առթիվ անցկացվող միջոցառումները:

 

← Վերադառնալ